Եվրոպայի լիգա. «Տոտենհեմի» խաղում դարպասները 5 սմ փոքր են եղել
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Լոնդոնի «Տոտենհեմի» և մակեդոնական «Շկենդիյայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում: «Տոտենհեմի» դարպասապահը նկատել է, որ դարպասի չափերը չեն համապատասխանում ստանդարտներին, և այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին պորտուգալացի մասնագետը պատմել է խաղից հետո:
«Խաղից առաջ ուշագրավ միջադեպ գրանցվեց: Իմ դարպասապահն ինձ ասաց, որ դարպասները փոքր են: Ես մոտեցա և համոզվեցի, որ դրանք, իրոք, սովորական չափի չեն: Դարպասապահն ամբողջ ժամանակն անցկացնում է դարպասաձողերի մեջտեղում և գլուխ հանում է այդպիսի հարցերում: Ես միանգամից զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Ես դիմեցի ՈւԵՖԱ-ի պատվիրակին և պարզվեց, որ դարպասները 5 սմ փոքր են: Մենք խնդրեցինք նորմալ չափի դարպասներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football.London-ը:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ազգային ստադիոնում տեղի ունեցած խաղում անգլիական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով և դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի իսրայելական «Մաքաբի Հայֆայի» հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Տոշե Պրոեսկի» ազգային ստադիոնում խաղացել էր նաև Հայաստանի ազգային հավաքականը, որն Ազգերի լիգայի առաջին տորում 1:2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: