Ստեփան Ղազարյան. Դարպասապահի համար ամենակարևորը վստահությունն է
«Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը երևանյան ակումբում աշխատանքի անցնելուց հետո կիսվել է տպավորություններով: Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ:
«Ֆուտբոլիստի կարիերաս ժամկետից շուտ ավարտեցի ընտանեկան խնդիրների պատճառով, այնուհետև տևական ժամանակ բացակայեցի երկրից, իսկ վերադառնալուց հետո առաջարկ ստացա իմ հարազատ ակումբից՝ մարզելու ակադեմիայի ֆուտբոլիստներին։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, որ նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահվեց։ Ինձ համար մեծ պատիվ է ու շատ հաճելի այստեղ կրկին գտնվելը, այնպես որ անհամբերությամբ եմ սպասում յուրաքանչյուր մարզմանը։ Կաշխատեմ իմ փորձը փոխանցել մեր երիտասարդներին:
Այս պահին մարզչական որոշ տարրերի եմ փորձում ծանոթանալ, զրուցում եմ գլխավոր թիմի, ակադեմիայի դարպասապահների մարզիչների հետ, փորձ եմ կուտակում, կարելի է ասել՝ այս պահին ավելի շատ սովորելու փուլում եմ:
Այն մարզիչներից, որոնց հետ աշխատել եմ, իսկապես շատ բան եմ սովորել։ Յուրաքանչյուրից փորձել եմ ինչ-որ լավ բան քաղել։ Իմ կարծիքով, ամենակարևորը դարպասապահի համար վստահությունն է, մնացածը՝ ֆիզիկական պատրաստվածությունը, տեխնիկայի զարգացումն ու տակտիկական հմտությունները պետք է ձեռք բերել ժամանակի ընթացքում շատ աշխատելու շնորհիվ:
Որդիս՝ Հայկն էլ իմ ճանապարհն է շարունակում, այժմ ակադեմիայի թիմերից մեկում է մարզվում, տվյալներ ունի, պետք է շատ աշխատի, ես էլ պիտի իմ սպորտային գիտելիքներով նրան ուղղություն տամ։ Կարծում եմ՝ ջանասիրաբար աշխատելու դեպքում նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ստեփան Ղազարյանը երկար տարիներ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։