Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները համաձայնության են եկել ընտրությունների անցկացման շուրջը
Պաղեստինյան ՖԱԹՀ շարժումը և ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպությունը սեպտեմբերի 24-ին համաձայնության են հասել առաջիկա վեց ամսում Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում ընդհանուր ընտրություններ անցկացնելու շուրջը: Այդ մասին հայտնել է Բեյրութից հաղորդումներ հեռարձակող Al Mayadeen հեռուսաալիքը:
Սեպտեմբերի 15-ին ՖԱԹՀ-ի առաջնորդ Մահմուդ Աբասը և ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել են «ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև պառակտման դադարեցման և պաղեստինյան տան շենացման մասին»: Երկու քաղաքական գործիչները ողջունել են Դիմադրության պաղեստինյան շարժման առաջնորդների խորհրդաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3–4-ը Բեյրութում: Նրանք ընդգծել են ազգային միացյալ ղեկավարության ստեղծման և Պաղեստինի ազատագրման կազմակերպության դերի ակտվացման կարևորությունը: