Թուրք գործակալը խոստովանել է, որ նախապատրաստել է ավստրիացի քաղաքական գործչի սպանությունը
Թուրքիայի ազգային հետախուզական MIT ծառայության անդամ Ֆեյյազ Օ.-ն խոստովանել է, որ իրեն հրամայել են սպանել քուրդ-ավստրիացի քաղաքական գործչին եւ Ավստրիայի կանաչների կուսակցության անդամ Բերիվան Ասլանին:
Իտալիայի քաղաքացիություն ունեցող Ֆեյյազ Օ-ն ավստրիական իշխանություններին ասել է, որ որոշ ժամանակ հետեւել է Ասլանին, հայտնում է Etkin Haber Ajansı-ն: Պորտալի տվյալներով` նա գաղտնի վկա էր, ով ցուցմունք է տվել, ինչը հանգեցրել է Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալմանը` ահաբեկչության մեղադրանքով:
Ավստրիացի նախկին քաղաքական գործիչ Պետեր Պիլցը հայտարարել էր սպանության պլանների մասին` հայտնելով, որ ավստրիական հետախուզությունը տեղեկացրել է իրեն, որ ինքն այն մարդկանց ցուցակում է, ով պետք է սպանվի` Ասլանի եւ ավստրիացի եվրապատգամավոր Անդրեաս Շիդերի հետ միասին:
Ֆեյյազ Է.-ն խոստովանել է, որ Ավստրիայի հետախուզական եւ հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից հարցաքննության ժամանակ Թոփուզի դեմ սուտ ցուցմունք է տվել, ասել է Պիլցը` մանրամասն պատմելով Ֆեյյազի կողմից «քաոս առաջացնելու» խոստովանած պլանների մասին:
Բերիվան Ասլանը` որպես Ավստրիայում փոքրամասնությունների հարցերով զբաղվող քաղաքական գործիչ, MIT գործակալների ցանց էր հայտնաբերել Ավստրիայի մի քանի նահանգներում, ինչպես նաեւ` Վիեննայում, որոնց հանձնարարել էին անկարգություններ հրահրել թուրքական եւ քրդական համայնքների շրջանում:
Հունիսին ծայրահեղ ազգայնական թուրքական խմբերը դեմ էին հանդես եկել Վիեննայի քրդերի կազմակերպած մի քանի հանրահավաքներին:
Սեպտեմբերի 1-ին Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է մեղադրանք առաջադրել մարդու դեմ, ով խոստովանել է, որ լրտեսել է MIT-ի օգտին: