Հարությունյանի շեփորը հայերեն և հպարտ է հնչում
Ինչպես ավելի վաղ նշել էինք, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն էր:
Ձեզ ենք ներկայացնում Նունե Ալեքսանյանի հոդվածը, որը վերնագրված է՝
«Ոչ թե ավարտվում, այլ նոր սկիզբ է ունենում Ալեքսանդր Հարությունյանի դարաշրջանը»
«Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակն է, և այս հոբելյանով ոչ թե ավարտվում, այլ նոր սկիզբ է ունենում նրա դարաշրջանը: Նա վերջինն էր երևանյան ռոմանտիկների այն զարմանալի ընկերախմբից, որն իր հզոր ու ոգեշունչ ներկայությամբ մի ամբողջ դարաշրջան ձևավորեց նախորդ դարի ազգային երաժշտարվեստում: Մինչև կյանքի վերջին տարիները միութենական և անգամ միջազգային հռչակ վայելող մեծ կոմպոզիտորները շարունակում էին միմյանց երիտասարդության տարիների ջերմ, փաղաքշական անուններով դիմել՝ էդիկը՝ Էդվարդ Միրզոյանը, Կոտիկը՝ Ալեքսանդր Հարությունյանը, Ադիկը՝ Ադամ Խուդոյանը, Զարիկը՝ Ղազարոս Սարյանը և, իհարկե, Առնոն՝ Բաբաջանյանը: Նրանց բոլորին կյանքը տարբեր ճանապարհներով տարավ, սակայն նրանց ստեղծածը, ինչպես Տիգրան Մանսուրյանն է գնահատում՝ դարակազմիկ է. «Հիմա, տարիների այս տարածությունից, երբ նայում ես խորհրդահայ երաժշտության անցած ուղուն, պետք է ասեմ որ մեծ և ընտրյալ գործերի թիվը մեծ չէ: Ես կարող եմ հիշատակել մի շարք ստեղծագործություններ. հայ իրականության 70 տարում պետք է հիշենք Ռոմանոս Մելիքյանի այդ փոքրիկ ընտիր գործերը և այստեղից սկսած կարող ենք թվարկել Բաբաջանյանի «Սոնատն» ու «Տրիոն», Միրզոյանի կվարտետը, սիմֆոնիան և Հարությունյանի «Տոնական նախերգանքն» ու «Հայրենիքը»: Սրանք մնայուն գործեր եղան, ես հաճախ եմ վերադառնում այս գործերին, ինձ համար սիրելի են և նորից ու նորից լսում եմ դրանք»:
Էդվարդ Միրզոյանն ու Ալեքսանդր Հարությունյանը, որ ամենավաղ տարիքից կապված էին հոգևոր հարազատությամբ ու ստեղծագործական եղբայրությամբ, ապրում էին նույն շենքում՝ Կոմպոզիտորների միության շենքի հարևան մուտքերում: Եվ տասնամյակների ավանդույթի ուժով, սեպտեմբերի 23-ին ընտանիքի անդամներից և Ալեքսանդր կրտսերից հետո առաջին շնորհավորանքն Ալեքսանդր Հարությունյանը ստանում էր հենց վաղեմի բարեկամից`Էդվարդ Միրզոյանից, որն անակնկալների անսպառ պաշար ուներ իր հոգևոր եղբոր համար: Ալեքսանդր Հարությունյանը հաճախ էր կրկնում՝ պետական պարգևների և գնահատման առումով երբեք անտեսված չի եղել, բայց ինչպես տասնամյակներ առաջ, Ստալինյան մրցանակ ստանալիս, այնպես էլ անկախ Հայաստանի տարիներին համոզված էր`ամենամեծ պարգևը համաժողովրդական սերն է: Իսկ այդ սերը նա վայելում էր լիուլի՝ իր մեծ ու այդքան սիրելի երաժշտության հետ միասին: Նրա երաժշտության երկու բացառիկ առանձնահատկությունները՝ հողի զգացողությունն ու խոր ինտելեկտը, այդ սիրո և հաջողության գրավականն էին:
Տարիներ առաջ, երբ մոսկովյան դժվարահաճ երաժշտասերների համար հնչել էր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը», նա, թերևս, առաջին անգամ ապրել էր հուսախաբության դառը զգացողությունը: Տևական ժամանակ անց այդ մասին պատմել էր Մանսուրյանին ու ընդգծել՝ «Շեփորի կոնցերտը» գերազանցել է իր բոլոր սպասելիքները. «Ալեքսանդր Հարությունյանը մի օր ինձ պատմեց, թե ինչպես, երբ առաջին անգամ Մոսկվայում հնչել է այդ կոնցերտը, այդ ստեղծագործության հանդեպ առանձնապես մեծ ուշադրություն չի եղել, քանի որ՝ դե շեփոր էր, կոնցերտ էր, և դա մի ժանր էր, որին առանձնապես մեծ ուշադրություն այն ժամանակ չէր հատկացվում: Եվ այդ պահին Հարությունյանը փոքր-ինչ դժգոհություն է արտահայտել, որին ի պատասխան, ռուս մեծ կոմպոզիտոր Կաբալևսկին հանգստացրել է նրան ասելով. «Ամեն ստեղծագործություն իր ճակատագիրն ունի, դու դեռ չգիտես, թե ինչ կյանք կունենա այս գործն ապագայում, այնպես որ հանգիստ եղիր և կտեսնես որ մի օր այն բոլորովին այլ ընդունելության և գնահատականի կարժանանա, կարող է նման բան լինել»: Հարությունյանն ինձ սա պատմում էր՝ ասելով, որ երբևէ չի սպասել, որ այդ կոնցերտը նման հաջողություն կունենա: Բայց, պետք է ասեմ, որ շեփորի այս կոնցերտը արտասահմանում կատարում էին դեռ այն ժամանակ, երբ շատ-շատերը Հարությունյան կոմպոզիտորի գոյության մասին կասկած անգամ չունեին, երբ դեռ չգիտեին, որ նա գոյություն ունի աշխարհի երեսին, որ հայ է և որ ապրում է Երևանում, բայց այդ կոնցերտն արդեն կար այն ժամանակ: Եվ գիտեք, այդ կոնցերտի շնորհիվ աշխարհի բոլոր կողմերից շատ մեծ վարպետներ նրան հատկապես փողայինների համար երաժշտություն էին առաջարկում գրել: Եվ այս կոնցերտը մի տեսակ խթան հանդիսացավ իր վերջին տարիներն ապրող կոմպոզոտորի ստեղծագործական եռանդի համար: Ալեքսանդր Հարությունյանն այն սակավաթիվ կոմպոզիտորներից է, որ մեծ բարձունքի հասցրեց խորհրդահայ սիմֆոնիկ երաժշտությունը և, առհասարակ, երաժշտությունը: Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի հետ միասին մեծերի այս փոքր խմբում նա իր պատվավոր տեղն ունի: Եվ, հատկապես, սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա գործերը կարևոր տեղ են զբաղեցնում, դրանք իրոք արժանի են, որ այսօր առավել ևս ներկայանալի դառնան, հատկապես՝ նրա սիմֆոնիան, «Շեփորի կոնցերտը», որն այստեղ նույնպես հնչում է, անշուշտ, բայց այն ուշադրությունը, որին արժանի են այդ իրապես մեծ գործերը, կարող էր շատ ավելին լինել: Հուսամ, որ Հարությունյանի հոբելյանը առիթ կդառնա, որ նրա գործերը ավելի շատ հնչեն մեզանում»: Տիգրան Մանսուրյանի այս լավատեսությունն ու բարձր գնահատականն ինձ հիշեցնում է 2015 թվականի ապրիլի 24-ը: Բրյուսելի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում «Բոզար» համերգային կենտրոնում տեղի էր ուենում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի համերգաշարը՝ «Քեզ հետ, Հայաստան» նախագծի հերթական համերգը: Վիրտուոզ մենակատարների՝ Մաքսիմ Վենգերովի և Միշա Մայսկու հետ միասին այս համերգին մասնակցում էր նաև հայտնի շեփորահար Սերգեյ Նակարյակովը, որը մեծ բեմից հնչեցրեց Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»: Դժվար է նկարագրել դահլիճի արձագանքը. հոտնկայս ու չմարող ծափողջույնները վերստին վկայեցին՝ Հարությունյանի շեփորը հայերեն և հպարտ է հնչում»: