Մոսկվայում ամիսներ առաջ հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով ևս 7 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ կալանքի տակ, այնինչ, ադրբեջանական կողմից բոլոր ձերբակալվածները գրավի դիմաց ազատ են արձակվել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ամիսներ առաջ հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ևս 7 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ կալանքի տակ, այնինչ, ադրբեջանական կողմից բոլոր ձերբակալվածները գրավի դիմաց կամ տուգանքով ազատ են արձակվել։
«Ծիրանի պատերազմի» գործով ՀՀ 7 քաղաքացիների գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։
Որպեսզի տղաները չդատապարտվեն 8 տարվա ազատազրկման, անհրաժեշտ է վճարել տուգանք մոտ 3,5 մլն ռուբլի, յուրաքանչյուրը՝ 500 հազար ռուբլի։ Քրեական գործի այդ հոդվածը (խուլիգանություն) հնարավորություն կտա գործը տուգանքով ավարտելու։
Համացանցում դրամահավաք է կազմակերպվել։ Հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ, անհատներ փորձում են ինչ-որ կերպ այդ գումարը հավաքել, որպեսզի երիտասարդները չազատազրկվեն կամ, իրավաբանորեն ասած, տուգանքի նշանակման հիմք լինի։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատում Ռուս–հայ փաստաբանական ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, որը այս նույն դեպքերի (հայ-ադրբեջանական բախումներ Մոսկվայում) ժամանակ մեկ այլ խմբի գործով փաստաբանն էր, փոխանցել է՝ իրավաբանական առումով մանրամասներ գործից չի կարող հայտնել, բայց կազմակերպչական մասով նշել, որ ադրբեջանցիների հետ բախումների հետևանքով ձերբակալված 7 ՀՀ քաղաքացիների գործով դատական նիստը տուգանքով ավարտելու համար հայ համայնքը դրամահավաք է կազմակերպել։
Սակայն, փաստաբանի խոսքերով, ՌԴ-ում, այսպես ասած, հայ էլիտայի ներկայացուցիչները նման դեպքերում չեզոք դիրք են գրավում։ «Հայկական համայնքը այսօր ջանքեր է գործադրում, փորձում են գումար հավաքել, որպեսզի դատարանում տուգանքի հիմք լինի, և դատավարությունն ամենամեղմ պատժով ավարտվի։ Այդ քրեական հոդվածը թույլ է տալիս ոչ միայն կալանքի կիրառում, այլև տուգանքի։ Պետք է նշեմ, որ ադրբեջանցիներին մոտ երկու շաբաթ առաջ ազատ են արձակել։ Անհասկանալի է, թե ինչ հիմքով են դա արել։ Այդ գործում շատ ուժեղ են աշխատել ադրբեջանական դիվանագետները։ Չգիտենք՝ ինչպես է դա տեղի ունեցել, բայց եղել է»,- ասել է փաստաբանը։
Կիրակոսյանի խոսքերով՝ նոր բան չէ, երբ նմանատիպ իրավաբանական գործընթացներում մեր հայկական դիվանագիտությունը այսպիսի պասիվ դիրք է գրավում։ «Դեսպանատունն էլ գերադասում է քաղաքական հարցերով զբաղվել։ Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես ստացվում։ Հայկական համայնքի ղեկավարներն այս ընթացքում ոչ մի բան չեն անում։ Դրամահավաքի կոչն էլ արվում է համայնքի անհատների կողմից։ Համայնքի ղեկավարների կողմից, ինչքան գիտեմ, ոչ մի դրական արձագանք չկա այս հարցին։ Հետադարձ ռեակցիա չկա։ Ժամանակն էլ քիչ է։ Մարդիկ լումա-լումա հավաքում են։ Պետք է ասեմ, որ սա հին խնդիր է։ Հայկական էլիտաները այստեղ միշտ էլ նման դեպքերում ձեռնպահ են եղել՝ անհատների պաշտպանության կամ ձեռք մեկնման հետ կապված։ Սա նոր բան չէ։ Չնայած ես համոզված եմ, որ դեսպանատունը հիմա ինչ-որ քայլ կանի, որովհետև 7 հոգի, սա մեծ աղմուկ կարող է բարձրացնել։
Ինչ-որ բան պետք է անեն։ Պետք է պահանջել, որ ինչ-որ բան անեն։ Թեկուզ գումարի հարցով, կամ դիվանագիտական խողովակներով ինչ-որ բան։ Բայց հաստատ պետք է անեն։ Մենք ամռանը մեր ուժերով կազմակերպեցինք, գրագետ, ամեն ինչ ստացվեց, տղաները ազատության մեջ են։ Հիմա այնքան շատ մարդ է խառնվել այս գործին, որ արդեն անհասկանալի իրավիճակ է։ Շատերը չեն հասկանում, թե ինչու են այդ գումարները հավաքում։ Տղաների փաստաբանները պետք է պաշտոնական հայտարարություն անեն այս կապակցությամբ»,- մանրամասնել է զրուցակիցը։