Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի, որտեղ Սամվել Բաբայանը գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
Արցախի դատախազությունում, Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ և հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։ Այսինքն, Բաբայանը փորձելու է ապացուցել, որ 20 տարի առաջ իր դեմ գործ են սարքել, իրեն ու վկաներին ճնշումներով պարտադրել են ցուցմունք տալ։
Մեր տեղեկություններով՝ Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո, և որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից։
Փորձեցինք Ղուկասյանի մեկնաբանությունը լսել Բաբայանի դիմումի վերաբերյալ, սակայն ԱՀ նախկին նախագահն ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս։ Հնչեցրինք տեսանյութի մասին մեր հարցը, կրկնեց նույն ֆրազը, ապա ավելացրեց՝ երբ իրեն պետք լինի, կխոսի այս գործընթացի մասին։ Մեր տեղեկություններով, նա շատ ծանր է տանում Բաբայանի նշանակումն ու գործի վերաբացումը և դրանում մեղադրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս և նրա շրջապատի հետ Ղուկասյանը սկզբունքորեն չի շփվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: