«Տիտանիկ»-ի խորտակման նոր պատճառ է նշվել
Արտասահմանցի գիտնականները անվանել են այն պատճառը, թե ինչու բրիտանական տրանսատլանտյան «Տիտանիկ» շոգենավը չի կարողացել խուսափել սառցաբեկորի հետ ճակատագրական բախումից: Live Science պորտալի համաձայն, նավի նավիգացիոն սարքերը կարող էին սխալ աշխատել հյուսիսափայլի պատճառով, հայտնում է Planet- today-ը:
Հետազոտող Միլա Զինկովայի խոսքերով, ով իր նոր գիտական նախագիծը նվիրել է «Տիտանիկ»-ի խորտակման պատճառների ուսումնասիրությանը, գեոմագնիսական փոթորիկը, որի դրսեւորումը նավի խորտակման գիշերը դիտարկված հյուսիսափայլն է եղել, կարող էր ազդել նավի կողմնացույցի վրա, որի հետեւանքով «Տիտանիկ»-ը շեղվել է անվտանգ ուղուց: Զինկովան նշում է, որ աղետի գիշերը իսկապես նկատվել է շատ ընդարձակ հյուսիսափայլ:
«Հզոր հյուսիսափայլը արեւային փոթորկի նշան է, որը կարող էր ազդել նավի կողմնացույցի վրա: Բավական էր կես աստիճանի շեղում, որպեսզի նավը անվտանգ ուղուց դուրս գար եւ հայտնվեր սառցաբեկորների գոտում»,- ասում է հետազոտողը:
Գեոմագնիսական փոթորիկները, հիշեցնենք, առաջանում են արեւի մասնիկների հոսքերի եւ մեր մոլորակի մագնիսական դաշտի փոխազդեցության արդյունքում: Երեւույթը, որը կարող է առաջացնել գունավոր հյուսիսափայլ, լրջորեն ազդում է էլեկտրացանցերի եւ կապի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաեւ կարող է եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց վատ զգալու պատճառ հանդիսանալ: Հյուսիսափայլի կապը «Տիտանիկ»-ի աղետի հետ միայն ենթադրություն է, որը չունի 100%-անոց ապացույց: