Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալից» հեռանալու պատճառների մասին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է Եկատերինբուրգի «Ուրալից»: 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ:
«Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը: Եկատերինբուրգը միշտ կմնա իմ սրտում: Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: Իմ սրտում միշտ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն «Ուրալի» երկրպագուները, որոնք առանձնակի ջերմությամբ են երկրպագում իրենց հարազատ ակումբին»,- Հարոյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը 2017 թվականից էր խաղում «Ուրալում», որի կազմում անցկացրել է 62 հանդիպում, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբներ ու Լեհաստանի առաջնության թիմերից մեկը: