Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ առաջին քարերի տեղադրման եւ օրհնության արարողությունը
Սեպտեմբերի 22-ին՝ Դիլիջանում, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի տեղադրման և օրհնության արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի բնակիչները: Արարողությունն անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ և գլխավորությամբ:
Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի և «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության կողմից՝ Դիլիջանի քաղաքապետարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ: Տեղեկացնենք, որ «ԱՆԻ» նախաձեռնությունը 2020 թ. հուլիսից իրականացնում է IDeA հիմնադրամի մշակութային ժառանգության պահպանման և վերականգմանն ուղղված ծրագրերը:
Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: Նոր կառուցվող եկեղեցին կամբողջացնի քաղաքի դիմագիծը և կդառնա Դիլիջանի հոգևորը կյանքի վերածնունդը: Եկեղեցին տեղակայված է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը:
Շուրջ 80 տարի է, ինչ Դիլիջանը չունի սեփական եկեղեցի և այսօր կրոնական ծառայություններն իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Նոր եկեղեցու կառուցման շնորհիվ հոգևոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել միաժամանակ 300-ից ավելի մարդ: Նախատեսվում է ունենալ նաև կիրակնորյա դպրոց:
«Դիլիջան համայնքում սեփական եկեղեցի ունենալու ցանկությունը բխել է հենց դիլիջանցիներից: Ուստի՝ եկեղեցու կառուցման ծրագրում մենք փորձում ենք հնարավորինս շատ ներգրավել համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք էլ իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերեն եկեղեցու կառուցման գործընթացում: Նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն՝ եկեղեցին դառնալու է Դիլիջան համայնքում իրականացված մեր հաջողակ ծրագրերից մեկը»,-ասում է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ 2019 թ. հոկտեմբերի 18-ին տեղի էր ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ այս տարի մեկնարկել են եկեղեցու բուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում արդեն կառուցվել են եկեղեցու հիմնասյուներն ու հիմնական հրապարակը:
Նոր կառուցվող եկեղեցին կդառնա Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ և երկարաժամկետ ծրագրերից մեկը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված Քաղաքային այգին, VereV պարանայգին, Արվեստների եւ արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: