ԱՄՆ-ում անցկացվել են վեցերորդ սերնդի կործանիչի փորձարկումները
Next Generation Air Dominance ծրագրի շրջանակներում Պենտագոնը նախագծել, կառուցել եւ փորձարկել է աշխարհում առաջին վեցերորդ սերնդի կործանիչի նախատիպը: Այս մասին Defense News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ՌՕՈՒ նախարարության գնումների հարցերով օգնական Ուիլ Ռոփերը, փոխանցում է Gazeta-ն:
«Մենք արդեն կառուցել եւ օդ ենք բարձրացրել թռիչքային ցուցադրական լայնամասշտաբ մոդելը եւ սահմանել ենք բոլոր ռեկորդներն այս գործում: Մենք պատրաստ ենք անցնել հաջորդ սերնդի ինքնաթիռների ստեծմանը` ինչպես երբեք սրանից առաջ»,- ասել է Ռոփերը:
Նրա խոսքով` X ինքնաթիռի նախագծումը թվային ինժեներիայի եւ բաց ճարտարապետության ակտիվ օգտագործում էր ենթադրում, ինչպես դա արդեն արվել էր eT-7 Red Hawk ամերիկաշվեդական ռեակտիվ ուսումնական ինքնաթիռի դեպքում:
Նոր ինքնաթիռի կառավարման ներքո կհայտնվի նաեւ անօդաչու թռչող սարքերի խումբը, նշել է մասնագետը: Դրանք կուղեկցեն կործանիչին, որը որպես առաջատար հանդես կգա մարտական օղակում:
Թռիչքային, մարտական բնութագրերը, ինչպես նաեւ ինքնաթիռի կառուցված նախատիպերի արագության ու քանակի մասին տեղեկատվությունը պաշտոնյան հրաժարվել է բացահայտել:
Նշվում է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի համապատասխան ծրագիրը, յուրաքանչյուր տարի վեցերորդ սերնդի 50-80 կործանիչ կհամալրի ԱՄՆ ՌՕՈւ շարքերը:
Ռոփերը նաեւ հավելել է, որ նոր կործանիչը պետք է Միացյալ Նահանգներին անհերքելի ռազմավարական օդային առավելություն ապահովի եւ Չինաստանին եւ Ռուսաստանին դնի տեխնիկական անորոշության վիճակի մեջ Պենտագոնի ռազմական հնարավորությունների հետ կապված: