«Ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ». ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների ակցիան (Տեսանյութ)
Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են անում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։
Նրանք ցանկանում են իմանալ՝ «Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում»։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեի հայտարարությունը:
Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։
Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր ժամը 10։00-ին հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։
Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է։