Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը. մրցանակը հանձնեց Փաշինյանը
Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ տարվա օրացույցում մի շատ կարեւոր իրադարձություն է հայտնվել, ի դեմս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության: Հիմա վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ մեր ժամանակների հերոսներին փառաբանելու համար: Այսօրվա միջոցառումը սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն են ու բժիշկները: Շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով եւ հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը եւ վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման: Եվ դրանով այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Մենք փառաբանում ենք մեր ժամանակների հերոսներին, մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ մրցանակաբաշխության շատ հերոսներ արժանի են գլխավոր մրցանակին, սակայն այսօր դրան արժանանում է «Markos toys» ընկերության հիմնադիր Սեւակ Մարկոսյանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետեւ նրանք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին ասվում է, դա հնարավոր եւ իրական:
«Մենք խոսում ենք անհատական ջանքի շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, բարեկեցությունը։ Իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է եւ կառավարությունը պետք է կարողանա քաջալերել մեր ժամանակների հերոսներին: Բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Կարծում եմ, որ այդ առանձնահատկությունը հետեւյալն է՝ մեր գլխավոր հերոսը զարմանալի հետեւողականություն է ցուցաբերել իր կյանքը փոխելու հարցում: Նա որոշել է գնալ ստեղծագործական երջանկության հետեւից եւ որոշել է ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Այնպիսի խաղալիքներ, որ նրանց կսովորեցնի կառուցել, ստեղծել, արարել»,-հավելեց վարչապետը:
Նշենք, որ մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնեցին նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների նախագահները, ԱԺ նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները։