Երևանում մեկնարկել է Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարը
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեկնարկել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբողլյանի առաջին հուշամրցաշարը:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացան Լևոն Ղասաբողլյանի լուսանկարով մեդալներ: Մրցաշարի առաջին հատվածը կատարեց Լևոն Ղասաբողլյանի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը:
8 սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր են նվաճել Ֆուտբոլի վետերանների հավաքականը և Էրեբունու թիմը: «Գազպրոմ Արմենիայի» և Նոր Հաճնի թիմերը կհանդիպեն երրորդ տեղի խաղում: Մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի լրագրողների հավաքականը, Աբովյանի, Գետարգելի և Աչաջուրի թիմերը:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա երրորդ տեղի համար հանդիպումը, իսկ ժամը 11:30-ին՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։
Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։
Հիշեցնենք, որ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Այս տարվա փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում
Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:
Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում: