Գերմանիան կախվածության մեջ չի լինի Ռուսաստանից «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով
Գերմանիան կախվածություն չի ունենա Ռուսաստանից «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով, կարծում է Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը: «Այն փաստարկը, որ Գերմանիան կախվածություն կունենա (Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումներից) սխալ է»,- ասել է Շոլցը Բադ-Զարովում անցկացվող Արեւելագերմանական տնտեսական ֆորումին, փոխանցում է DW-ն:
Նա «Հյուսիսային հոսք 2»-ը մասնավոր տնտեսական նախագիծ է անվանել, որը «պատժամիջոցների համար առիթ» չի տալիս: Խողովակաշարի ներդրողները «լավ հաշվարկ են արել», կարծում է Շոլցը:
«Հյուսիսային հոսք 2» գազատարը գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք»-ի ընդլայնումն է, որը միացնում է Ռուսաստանն ու Գերմանիան Բալթիկ ծովի հատակի երկայնքով: Եվրոպական շատ երկրներ պահանջում են փակել այս նախագիծը` որպես Եվրամիության էներգետիկ անվտանգությանը հակասող: Գերմանիան ակտիվորեն աջակցում է «Հյուսիսային հոսք 2»-ին, բայց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումից հետո Բեռլինը չի բացառում պատժամիջոցներն այս նախագծի դեմ:
Հուլիսին ԱՄՆ վարչակազմը սպառնացել էր տույժեր կիրառել Ռուսաստանից Գերմանիա նոր գազատարի կառուցման մեջ ներգրավված ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցներ կիրառման սպառնալիքն ուղղված էր նաեւ գերմանական Զասնից քաղաքի նավահանգստին եւ Զասնիցի քաղաքագլխին: