Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին` երկրի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումներ թույլ չտալու համար: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը «Грузия Онлайн»-ին հղելով։
«Մենք Վրաստանի կառավարությանը տեսնում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ», - ասել է Ալիևը տեղական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` մոտակա ժամանակներս պաշտոնական այցով Թբիլիսիում կլինի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Միջպետական կապերն ամեն օր ամրապնդվում են: Իրականացվում են շատ կարևոր նախագծեր: Առաջիկայում մեր արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Դա կլինի նրա առաջին այցը Վրաստան՝ արտգործնախարարի կարգավիճակով: Այցի ծրագիրն այժմ պատրաստվում է: Հարցերը շատ են: Մեզ կապում են ինչպես պատմական կապերը, այնպես էլ ընդհանուր շահերը»,-նշել է Ադրբեջանի նախագահը։
Հարցազրույցում Ալիևը ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում այն փաստը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել ռազմական բեռները Սերբիայից և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել իր տարածքով: Նրա խոսքով՝ Վրաստանն իրեն պահել է «որպես շատ հուսալի գործընկեր»:
«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը դրա համար», - ավելացրել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին լրատվամիջոցները հաղորդել էին Վրաստանի տարածքով Հայաստան սերբական զենքի մատակարարման մասին: Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ «հավաստի և հաստատված տեղեկություններ կան Սերբիայից Հայաստան ականանետերի և մեծ քանակությամբ զենքի մատակարարման մասին»: