Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրների ռեկորդները՝ Անկախության օրվա առիթով
Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա առիթով երկու նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում:
Երեւանի Շահումյանի հրապարակում Սաքունց եղբայրները մեծ թվով երկրպագուների աչքի առաջ ատամներով բռնած ճոպաններով մի քանի մետր տեղաշարժեցին 4 տոննա ավտոմեքենա եւ 10 տոննա ավտոբուս:
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցի խոսքով, իրենց նպատակը Հայաստանի եւ հայերի մասին ամբողջ աշխարհին պատմելն ու ներկայացնելն է, ինչը նրանց մոտ հաջողվում է, բայց պետական այրերի, ԿԳՄՍ նախարարության, երկրի ղեկավարության կողմից որեւէ արձագանքի եւ վերաբերմունքի չի արժանանում: Միջոցառմանը հրավիրված էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն ըստ մարզիկների, խոստացել էր ներկա գտնվել, բայց այդպես էլ չեկավ:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ: Մենք եղբայրներով որոշել ենք Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ սահմանել համաշխարհային ռեկորդներ, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում, այդ թվում եւ համաշխարհային մի շարք ասոցիացիաներում: Այս ռեկորդները նվիրում ենք Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին: Ես սահմանելու են նմանը չունեցող ռեկորդ՝ ձեռքերի վրա կանգնած ատամներով քաշելու եմ 4 տոննա ավտոմեքենա: Այս ռեկորդն առաջին անգամ արել է ադրբեջանցի մարզիկ 7 տարի առաջ: Նա այդ ժամանակ ատամներով տեղաշարժել է 2 տոննա ավտոմեքենա: Ես այս պահին 4 տոննա քաշ ունեցող ջիպ ավտոմեքենա եմ տեղաշարժելու ձեռքի վրա քայլելով եւ ճոպանն ատամներիս վրա դրված: Մեկ մետրից ավել եթե անցնեմ, ռեկորդը սահմանված կլինի»,- ասաց Յուրի Սաքունցը:
Սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Սաքունցը ատամների վրա դրված ճոպանով ավտոբուսներ է տեղաշարժում: 18-ամյա Արթուր Սաքունցի ռեկորդն այս անգամ 10 տոննա ավտոբուս եւ 4 տոննա ավտոմեքենա միաժամանակ տեղաշարժելն էր:
«Սեպտեմբերի 2-ին սահմանեցի ռեկորդ՝ 12 տոննա ավտոբուս ատամներով քաշելով: Այսօր կփորձեմ բարելավել արդյունքս՝ երկու մեքենա եմ միանգամից քաշելու՝ միասին 14 տոննա քաշ ունեն: Մեկ մետրից ավել քաշելու դեպքում արդեն ռեկորդ կսահմանեմ»,- նշեց Արթուր Սաքունցը: