ԱՄՆ-ը ՄԱԿ Միջազգային դատարանին կոչ է արել մերժել պատժամիջոցները վերացնելու Իրանի պահանջը
ԱՄՆ-ը ՄԱԿ Միջազգային դատարանին կոչ է արել մերժել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելու Իրանի պահանջը՝ ասելով, որ Թեհրանը շարունակում է «լուրջ սպառնալիք» մնալ գլոբալ անվտանգության համար, հաղորդում է Reuters-ը:
Իրանը 2018-ին հայց էր ներկայացրել Միջազգային դատարան՝ պնդելով, որ միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի որոշումը խախտում է երկու երկրների միջեւ 1955-ի բարեկամության դաշնագիրը:
Բայց ամերիկացի փաստաբանները հայտնել են, որ Հաագայի տրիբունալն այս գործը քննելու իրավասություն չունի՝ մեղադրելով Իրանին բազմամյա Բարեկամության պայմանագիրը շահարկելու մեջ՝ փորձելով մեղմացնել պատժամիջոցները:
«Այս վեճը այդ նպատակի համար անօրինական գործիքի վերածելու Իրանի փորձերը բոլորովին անհիմն են»,- դատարանում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավախորհրդատու Մարիք Սթրինգը: «Մենք հարգանքով խնդրում ենք փակել Իրանի գործը»:
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են Իրանի «ապակայունացնող միջուկային ծրագրի», նրա հրթիռային գործունեության եւ «ահաբեկչությանն ու տարածաշրջանային ապակայունացմանը» Թեհրանի կողմից ենթադրյալ աջակցության պատճառով:
Իրանը պատասխանելու հնարավորություն կստանա չորեքշաբթի օրը, իսկ լսումները կշարունակվեն մինչ հաջորդ երկուշաբթի: