Բաքվի ակամա խոստովանությունը. վարձկաններն Ադրբեջանում
Մինչ Հայաստանում «թեժանում» է աշունը, ադրբեջանական պրոպագանդան ոչ պակաս «թեժությամբ» փորձում է Արցախը «վերածել» Քրդական բանվորական կուսակցության զինյալների հավաքատեղիի: Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան արդեն տևական ժամանակ ինտենսիվորեն գրում է զանազան «սենսացիոն» լուրեր այն մասին, որ Արցախում հաստատվում են ՔԲԿ հազարավոր մարտիկներ, որոնք գրոհի են պատրաստվում: Ադրբեջանական պրոպագանդայի համար դա, թերևս, փորձ է ծածկել այն տեղեկությունները, որ Թուրքիան Սիրիայից իր վարձկաններին տեղափոխում է Ադրբեջան: Եթե ադրբեջանցիները անում են այդպիսի փորձ, ապա դա թերևս նշանակում է, որ Ադրբեջան թուրքական վարձկանների տեղափոխումը ունեցել է միջազգային լուրջ արձագանք, եթե ստիպել է Բաքվին լծվել պրոպագանդիստական դաշտում «լուրջ հակակշիռ» ստեղծելուն՝ իբր քրդական զինյալների Արցախ տեղափոխվելու մասին:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ միջազգային ուժային կենտրոնները իրավիճակը գնահատում են ոչ թե այդ տեղեկություններով, այլ իրենց շատ ավելի հստակ աղբյուրներով, որոնք, թերևս, փաստորեն պարզում են՝ կա՞ն զինյլաներ, թե՞ ոչ: Եվ, եթե Ադրբեջանին լրջորեն անհանգստացրել է խնդիրն ու Բաքուն ձեռնամուխ է եղել արդեն օրեր շարունակ աշխարհին համոզելու, որ Արցախում իբր թե տեղակայվում են քրդական զինյալներ, դա նշանակում է, որ աշխարհը փաստական տվյալներով համոզվել է Ադրբեջանում թուրք և այլ վարձկանների տեղակայման հարցում:
Այլ կերպ ասած, Արցախի վերաբերյալ պրոպագանդիստական ջանքերն ընդամենը Բաքվի ակամա խոստովանությունն են Ադրբեջանը թուրքական վարձկանների ֆորպոստի վերածելու վերաբերյալ: Եվ պատասխանը, թե իբր քրդական զինյալներ են հայտնվում Արցախում, հազիվ թե օգնի Ադրբեջանին, որովհետև միջազգային ուժային կենտրոնների համար հստակ է՝ հայկական կողմում չկա որևէ վարձկան, որևէ զինյալ: Հայաստանի անվտանգությունը հոգում է հայկական կանոնավոր բանակը: Ադրբեջանցիների համար, իհարկե, ցավալի է ընդունել այդ հանգամանքը, հատկապես հուլիսյան պարտությունից հետո, այն պարագայում, երբ տարիներ շարունակ Ալիևն ու նրա վարչախումբը համոզել են ադրբեջանցիներին իրենց բանակի գերազանցության հարցում:
Ըստ երևույթին, այդ նպատակով է նաև, որ այժմ փորձում են ստեղծել տպավորություն, թե հայկական կողմում կռվում են վարձկաններ: Այսինքն՝ ադրբեջանական պրոպագանդան աշխատում է ոչ միայն դրսի, այլ նաև և գուցե ավելի շատ ներսի վրա: Առավել ևս, որ ներսում իշխանության հարցը շարունակում է մնալ շատ սուր, և, թեև Անկարան պահեց Ալիևին՝ իհարկե, Ադրբեջանը կուլ տալու դիմաց, այդուհանդերձ, դա չի հանել Բաքվում իշխանափոխության հարցն օրակարգից, ինչի վկայությունն էր ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքը Մեհրիբան Ալիևային:
Աղբյուրը՝ 1in.am