Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը
Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Բելառուսը կարող է վերանայել իր մասնակցությունը մի շարք նախաձեռնություններում և միջազգային կազմակերպություններում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
Մակեյը նաև հայտնել է, որ ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է, և Մինսկը սպասում է Եվրամիության կողմից համապատասխան որոշման ընդունմանը։
«Բնականաբար, ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ Եվրամիության որոշմանը: Իհարկե, կլինեն պատժամիջոցներ Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն կազմել ենք ցուցակը և պատրաստ ենք այն անմիջապես գործարկել ԵՄ համապատասխան որոշումից հետո»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։