Այրված տներ, ծխապատ երկինք․ The Guardian-ը ֆոտոշարքով ներկայացրել է ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքները (լուսանկարներ)
ԱՄՆ-ում անոմալ շոգի ու կայծակի հետևանքով մոլեգնող խոշոր անտառային հրդեհներն առնվազն 35 մարդու կյանք են խլել․ Օրեգոն, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում այրվել են հարյուրավոր կառույցներ, գրում է The Guardian պարբերականը՝ ներկայացնելով հրդեհի հետևանքները ցուցադրող ֆոտոշարք։
Հայտնի է, որ հրդեհների ծուխը հասել է ոչ միայն երկրի արևելյան շրջաններ, այլև Եվրոպայի մի շարք հյուսիսային պետություններ:
«Համեմատելով ԱՄՆ-ում հրշեջ ակտիվությունը նախորդ տարիների հետ՝ մթնոլորտի մշտադիտարկման եվրոպական ծառայությունը նկատել է, որ ԱՄՆ-ում այս տարի ակտիվությունը տասնյակ-հարյուրավոր անգամներ ավելի ինտենսիվ է, քան 2003-2019 թվականներին», - նշվում է հաղորդագրությունում:
Փորձագետները հայտարարել են, որ ծուխը երկրի արևմուտքից տարածվել է Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում, որտեղից հասել է Հյուսիսային Եվրոպա: Կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 19-20-ը ծուխը կրկին կհատի Ատլանտյան օվկիանոսը։