ԵՀ ղեկավարը ԵՄ երկրներին հորդորել է ավելի համարձակ լինել պատժամիջոցների կիրառման հարցում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախատել է ԵՄ կառավարություններին` անարդյունավետ արտաքին քաղաքականության համար եւ չի բացառել ԱՄՆ-ի ոճով պատժամիջոցների կիրառումն աշխարհում մարդու իրավունքները խախտողների նկատմամբ, փոխանցում է Reuters-ը:
«Ինչու՞ են նույնիսկ ԵՄ արժեքների մասին պարզ հայտարարությունները հետաձգվում, լղոզվում են կամ այլ պատճառների գերի դառնում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
«Երբ անդամ երկրներն ասում են, որ Եվրոպան շատ դանդաղկոտ է, ես նրանց ասում եմ` եղեք համարձակ եւ վերջապես անցեք որակյալ մեծամասնությամբ քվեարկությանը»,- ասել է նա:
Ըստ նրա` ԵՀ-ն հանդես կգա նրանց ունեցվածքը սառեցնելու առաջարկությամբ, ում պատասխանատու է համարում մարդու իրավունքների խախտման համար` ԱՄՆ-ում 2012-ին Մագնիտսկու ակտի նման:
Պատժամիջոցների նոր ռեժիմը թույլ կտա ԵՄ-ին արագ պատժամիջոցներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող անհատների նկատմամբ` սառեցնելով նրանց ակտիվները եւ արգելելով նրանց մուտքը ԵՄ:
Ֆոն դեր Լյայենը Ռուսաստանին մեղադրել է «իր երկրում եւ ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարամետ հակառակորդներին վերացնելու համակարգված փորձերի մեջ»: Նա ասել է, որ սխալ է մտածել, որ Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարը կօգնի բարելավել լարվածությունը ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ:
Նրա խոսքով` ոչինչ չի կարող արդարացնել Թուրքիայի կողմից Արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի եւ Կիպրոսի ահաբեկումն էներգետիկ ռեսուրսների շուրջ: «Թուրքիան կարեւոր հարեւան է եւ կմնա այդպիսին: Սակայն, չնայած աշխարհագրական մերձավորությանը, մեր միջեւ հեռավորությունը կարծես ավելանում է»,- Եվրախորհրդարանին ասել է ֆոն դեր Լյայենը: