Saint Louis Rapid & Blitz. Արոնյանն ու Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղացին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 15-ին մեկնարկած 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի երրորդ տուրում ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ:
56-րդ քայլում գրոսմայստերները խաղաղ դաշինք կնքեցին: Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և Պենտալա Հարիկրիշնայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Յան Նեպոմնյաշչին և Ուեսլի Սոն 4-ական միավորով կիսում են 3-4 տեղերը, իսկ Մագնուս Կարլսենը 3 միավորով 5-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով 40-րդ քայլում առավելության էր հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում հաղթանակ էր տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։