Կրեմլը մեկնաբանել է Լավրովի` Գերմանիա այցի չեղարկումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Գերմանիա այցի չեղարկումը, ասել է, որ չկան գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել Ռուսաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քանի որ այցի ձեւաչափը զգալիորեն կրճատվել եւ փոփոխվել էր գերմանական կողմի որոշմամբ, մեր նախարարը որոշում կայացրեց այցը չեղյալ հայտարարելու մասին: Այս պահին ես ընդհանուր հարաբերությունների մասին ոչինչ չէի ասի, քանի որ մեր տեսակետից մենք համոզված ենք, որ չկան գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել եւ որոնք ինչ-որ կերպ պետք է բացասաբար անդրադառնան մեր հարաբերությունների վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Լավրովի` սեպտեմբերի 15-ին նախատեսված այցը Բեռլին չեղյալ է հայտարարվել Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով: