ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից եւ Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Փարիզում: Դրանց մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը
Համանախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների սրումից հետո նոր զարգացումների վրա: Համանախագահները ուշադիր ուսումնասիրել եւ գնահատել են կողմերի անձնական ու հանրային ուղերձներն ու մտահոգությունները: Անջեյ Կասպրշիկը համանախագահներին տեղեկացրել է տեղերում անվտանգության ոլորտում իրավիճակի մասին, եւ ողջունել են դիտորդական գործունեության վերսկսման համար նրա կոնկրետ նախապատրաստությունները:
Համանախագահները առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ նախարարներին հրավիրել են առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:
Համանախագահները շարունակում են ակտիվորեն եւ լիարժեք մասնակցել խաղաղ եւ համապարփակ կարգավորման բանակցությունների աջակցությանը՝ համաձայն ԵԱՀԿ-ում իրենց մանդատի: