Հայ լրագրողները՝ զրպարտության եւ վիրավորանքների մասին. «Պանդորայի արկղը» բացվել է 2018 թվականին
«Մեդիապաշտպան» նախաձեռնությունը կլոր սեղան է կազմակերպել, որի շրջանակներում քննարկվում է ԶԼՄ-ների դեմ ուղղված օրինագիծը:
Ինչպես նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը, անհասկանալի է, թե ինչու է օրինագիծը հիմա հայտնվել եւ ինչ չափորոշիչներով է սահմանվել 5 մլն դրամի չափով տուգանքը: Տուգանքի սահմանման համար անհրաժեշտ է փորձագիտական հետազոտություն անցկացնել, սակայն նման բան չի անցկացվել:
«Պանդորայի արկղը բացվել է 2018 թվականին: Հիշեք հոկտեմբերի 2-ը, երբ պահանջեցին ԱԺ-ի ցրում, վիրավորանքների ինչ հոսք եղավ»,-նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ օրենսդրորեն ընդհանրապես չկա «զրպարտություն» հասկացություն, եւ որոշումն այդպիսով պետք է կայացնի դատավորը՝ ելնելով սեփական պատկերացումներից:Բացի այդ, օրինագիծը խախտում է լրագրողի՝ ինֆորմացիայի աղբյուրը չհրապարակելու իրավունքը:
«Մենք նույնպես դեմ ենք զրպարտությանը, սակայն դրա դեմ պայքարը չի կարող վերածվել ԶԼՄ-ների դեմ մտրակի:
Փաստացի այդպիսով հարվածի տակ են դրվում բազմաթիվ իրավունքներ եւ միջազգային պարտավորություններ»,-նշեց Խաչատրյանը:
Նա հավելեց, որ չեն պատժվել նրանք, ովքեր դագաղներ են դրել ՀՀԿ-ի քաղաքական գործիչների տների մոտ:
Կլոր սեղանի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ նման օրենքի ընդունումը կարող է գործիք դառնալ, որի միջոցով իշխանությունները կլռեցնեն ԶԼՄ-ներին: Լրագրողը , եթե չի կարող հրապարակել աղբյուրը, ստիպված կլինի ընտրություն կատարել տուգանքի կամ հանրությանը տեղեկացնելու իր պարտականությունների միջեւ: