Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է միգրանտների համար կանխավճարային հարկ սահմանել
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է Ռուսաստան աշխատելու նպատակով եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել, այս մասին նշված է գերատեսչության պատրաստած միգրացիայի հարցերի մասին նոր դաշնային օրենքի նախագծի հայեցակարգում, փաստաթղթի պատճենը «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ է
Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով դյուրացվում է օտարերկրացիների ռուսական քաղաքացիություն ստանալու եւ աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, արդեն պատրաստ է եւ քննարկման փուլում է։ Նրա խոսքով՝ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։
«Նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացիները, անկախ Ռուսաստանի Դաշնություն մուտքի կարգից, իրավունք կունենան աշխատանքային գործունեություն իրականացնելու էլեկտրոնային պատենտների հիման վրա՝ ինչպես իրավաբանական անձանց մոտ եւ անհատական ձեռնարկություններում, այնպես էլ ֆիզիկական անձանց մոտ՝ ֆիզիկական անձանց եկամտահարկ վճարելով ֆիքսված կանխավճարման ձեւով, իսկ գործատուներն իրենց հերթին իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու պայմանով»,- նշված է փաստաթղթում։
Միգրանտին աշխատանքի վերցնել ցանկացող գործատուները պետք է գրանցվեն անձնական կաբինետում (հնարավոր է՝ պետական եւ համայնքային ծառայությունների (գործառնությունների) միացյալ պորտալում)՝ լրացնելով հատուկ ձեւաթուղթ, որը կպարունակի իր հիմնական տեղեկությունները։
Գրանցվելուց հետո գործատուն էլեկտրոնային ձեւով պետք է դիմում լրացնի օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու մասին։
Օրենքի նախագծում նաեւ առաջարկվում է արտացոլել օտարերկրացիներին վարձելու պայմանները՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին (չհիմնավորված դեմպինգի դեպքերը բացառելու նպատակով), ռուսական օրենքների խախտման համար չվճարված տուգանքներ չլինելը։
Ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ֆիքսված կանխավճարի ձեւով ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում միգրանտներին արգելվելու է Ռուսաստանում աշխատել, եւ նրանք, հավանաբար, երկրից կվտարվեն։
Դրանից բացի, հայեցակարգով նախատեսվում է՝ կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով, Ռուսաստան մտնելուց առաջ վերցնել նրանց մատնահետքերը եւ ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։