Հայաստանում ռուս հետախույզներն իրականացրել են դեսանտի իջեցում պայմանական հակառակորդի թիկունքում
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հայ զինվորականների հետ երկօրյա երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների ժամանակ իրականացրել են դեսանտի իջեցում պայմանական հակառակորդի թիկունքում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
«Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից գրոհային եղանակով հետախույզների եւ հատուկջոկատայինների դեսանտ է իջեցվել «Ալագյազ» պոլիգոնում։ Բազմակիլոմետրանոց երթ կատարելուց հետո՝ լիակատար կարգ ու սարքով, զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի տեղակայման վայրը, փոխանցել են օբյեկտների եւ ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել են կապի միջոցները, հարձակում են գործել հրամանատարական կետի վրա, վերցրել կարեւոր փաստաթղթեր եւ գերիներ»,- նշված է «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ եղած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տարհանման շրջանից դուրս գալիս հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների հարձակումը, մշակել են վիրավորների տարհանումը՝ նրանց առաջին բուժօգնության ցուցաբերումով։
Մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ երկկողմ զորավարժությունների շրջանակում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողները եւ անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ճնշել եւ ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական եւ հարվածային դրոնները
«Ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները «Ալագյազ» պոլիգոնում տեղակայել են ռադիոխափանումների կայաններ, հավաքել եւ վերլուծել են հետախուզական տեղեկություններ, խափանել են պայմանական հակառակորդի կապի համակարգը, մշակել են տարբեր բարձրություններում թռչող հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-ների հայտնաբերման խնդիրներ եւ տեղեկությունները փոխանցել են ՀՕՊ ստորաբաժանումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայության տեղեկությնուններով՝ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքների հաշվարկները մինչեւ 2,5 հազար մետր հեռահարությամբ եւ մինչեւ 1,5 հազար մետր բարձրությամբ 23 մմ տրամաչափի ավտոմատ թնդանոթով ոչնչացրել են թիրախները, որ նմանակել են պայմանական հակառակորդի ցածր թռչող «դրոնները»։
Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ եւ ներգրավված է մոտ 300 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։