Բրիտանիան քննարկում է մարդու իրավունքների եվրոպական ընդհանուր օրենսդրության զգալի մասից հրաժարվելու հնարավորությունը
Բրիտանական իշխանությունները քննարկում են մարդու իրավունքների ոլորտում եվրոպական ընդհանուր նորմերի զգալի մասից հրաժարվելու մասին` սպառնալով նոր պայթյունավտանգ կոնֆլիկտ առաջացնել Եվրամիության հետ, այս մասին գրում է The Telegraph թերթը:
Ըստ պարբերականի` Վարչապետ Բորիս Զոնսոնի կառավարությունը առաջարկներ է պատրաստում` մարդու իրավունքների մասին օրենսդրության ազդեցությունը սահմանափակելու համար այն տարածքներում, որտեղ դատական համակարգը «չափն անցել է» կիրառման մասով: Մասնավորապես, խոսքը «Մարդու իրավունքների մասին» 1998 թվականի օրենքի որոշ դրույթներից հրաժարվելու մասին է, հայտնում է ՌԲԿ-ն:
Այս օրենքից հրաժարումը կարող է անհնարին դարձնել միգրանտների եւ փախստականների արտաքսումից խուսափելու հնարավորությունը: Սակայն, միեւնույն ժամանակ, այն կպաշտպանի բրիտանացի զինվորականներին մեղադրանքներից, որոնք կապված են արտերկրում իրենց գործունեության հետ:
Ինչպես նշում է Telegraph-ը, Լոնդոնի գործողությունները կարող են նոր հակասությունների հանգեցնել Եվրամիության հետ, քանի որ ԵՄ-ն պահանջում է, որպեսզի Բրիտանիան հավատարիմ մնա մարդու իրավունքների օրենսդրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային` Միացյալ Թագավորության` Եվրամիությունից դուրս գալուց հետո իրավական համագործակցության ապահովման համար:
Հունվարին Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ից հետո հրաժարվեցին ԵՄ քաղաքացիների ավտոմատ արտաքսումից: Այդ ժամանակ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրում ապրող ԵՄ քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն (վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 20-ը)` Brexit-ից հետո թագավորությունում մնալու համար:
Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից այս տարվա հունվարի 31-ին: Դուրս գալու հիմնական պատճառը 2016-ի ամռանն անցկացված խորհրդակցական հանրաքվեի արդյունքն էր: Այդ ժամանակ քվեարկածների 51.9 տոկոսը կողմ էր հանդես եկել Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալուն: