ՍԲ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ և Մազալովայի մտերիմ ընկեր Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Դանա Մազալովան հայերի հարցը համարում էր արդարացի և պայքարում էր դրա համար:
«Նա շատ հավատարիմ, խիզախ և արդար մարդ էր: Նա շատ սիրում էր Հայաստանը և մեծ հաճույքով էր այստեղ լինում: Նա պայքարում էր արդարության համար: Այն, ինչ նա անում էր Ղարաբաղում, չի եղել այն պատճառով, որ սիրում էր Հայաստանը, այլ այն պատճառով, որ մարդ էր, որը ցանկանում էր ամեն տեղ պայքարել արդարության համար: Նա հայերի հարցը արդար էր համարում և պայքարում էր դրա համար»,- ասաց Իսկանդարյանը: