Նավալնիին թունավորել են «Նովիչոկի» «ավելի ծանր» տեսակով. Der Spiegel
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» թույնի փոփոխված՝ «ավելի ծանր» տեսակով: Այս մասին գաղտնի խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գերմանիայի հետախուզության ղեկավարը, հաղորդում է Der Spiegel-ը:
Այս մասին սեպտեմբերի 9-ին գրել է նաև Die Zeit պարբերականը՝ աղբյուրներին հղումով. թույնը պետք է ներգործեր ավելի դանդաղ, քան նախկինում հայտնի տեսակները, բայց ավելի արդյունավետ, և չարագործները կարծում էին, որ քաղաքական գործիչը կմահանա ինքնաթիռում:
Գերմանիայի կառավարությունն այս փաստը դիտարկում է որպես առավել կարևոր ցուցիչ այն բանի, որ թունավորմանը կարող են մասնակից լինել Ռուսաստանի իշխանությունները, քանի որ որքան բարդ, նոր և հազվադեպ է նյութի քիմիական կազմը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն մշակվել է մասնագիտացված լաբորատորիաներում, որը հասանելի չէ շարքային հանցագործներին:
Գերմանիայի անվտանգության մարմինները ենթադրում են, որ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարող էին թունավորել Նավալնիին: Նրանց կարծիքով այս վարկածին է հանգեցնում նաև այն փաստը, որ քաղաքական գործիչը մշտապես գտնվել է ԱԴԾ-ի աշխատակիցների սևեռուն հսկողության տակ:
Պարբերականը գրում է նաև, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակությունն այցելել է Նավալնիին և ստացել նրա բժշկական հետազոտության վերաբերյալ տվյալները: