Chess9LX․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ, Կասպարովի եւ Կարլսենի հաղթական մեկնարկը
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց արագ շախմատի Chess9LX օնլայն մրցաշարի առաջին տուրում։ Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Գրոսմայստերները 69-րդ քայլում կիսեցին միավորը։
Աշխարհի 13-րդ չեմպիոն, 57-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովը սեւերով խաղաց 17-ամյա իրանցի (հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշով) Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ հաղթանակ տարավ 46 քայլում։
Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Ամերիկացի Ուեսլի Սոն սեւերով ուժեղ էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Նակամուրայի, Կասպարովը՝ Կարլսենի, Կարուանան՝ Վաշյե-Լագրավի, Սոն՝ Դոմինգեսի, Ֆիրուջան՝ Սվիդլերի հետ։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է: