Կլոպին հաջողվել է Վեյնալդումին համոզել չհեռանալ «Լիվերպուլից»
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորջինյո Վեյնալդումն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հաջողվել է համոզել Վեյնալդումին մնալ ակումբում:
Վեյնալդումի հետ բանակցություններ էր վարում կատալոնական «Բարսելոնան»: 29-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցել է անձամբ Իսպանիայի փոխչեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը նրա հետ աշխատել է Հոլանդիայի հավաքականում:
Հոլանդացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Վեյնալդումը մասնակցել է 37 հանդիպման, խփել 4 գոլ: