Պահպանելով Գնիշիկի հարուստ բուսաշխարհը՝ գործում է հայ մեծանուն գիտնականի անվան գրադարան
Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքները հարուստ են հազվագյուտ, վտանգված և էնդեմիկ բուսատեսակներով, որոնց ուսումնասիրության գործում անչափ մեծ ներդրում է ունեցել ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի՝ բարձրակարգ բույսերի կարգաբան, Կոմարովի անվան մրցանակի դափնեկիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը։
Պրոֆեսոր Գաբրիելյանի պատվին անվանակոչել են Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ, որոնցից է նաև Galanthus artjuschenkoae Gabrielian /Ձնծաղիկ Արտյուշենկոյի/ անունը կրող բուսատեսակը։
Այս գեղեցիկ ծաղիկը, ցավոք, չափազանց խոցելի տեսակ է համարվում: Անդրկովկասի էնդեմիկ է, Հայաստանում հայտնի է 2 ֆլորիստիկական շրջաններում: Հիմնական սպառնալիքը ծաղիկների հավաքն է որպես արժեքավոր գեղազարդային բույս և անտառների հատումը: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Galanthus transcaucasicus 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ:
Բարձր գնահատելով դոկտոր, պրոֆեսոր Գաբրիելյանի ներդրումը Հայաստանի բուսատեսակների պահպանման գործում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Գնիշիկ» այցելուների կենտրոնում (Eco Lodge in Gnishik) գործում է նաև Էլեոնորա Ցոլակի Գաբրիելյանի անվան գրադարանը, որտեղ կարելի է գտնել կարևորագույն մասնագիտական գրականություն։