Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:
Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ միջոցառման կայքից հետևյալ հղումով, իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության հաղորդագրությունը ներկայացված է պաշտոնական կայքում:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ չորս անվանակարգերում.
ա) Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity),
բ) Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),
գ) Էլեկտրոնային առողջապահություն (E-health),
դ) Թվային ֆինանսներ (Digital finance)։
Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբերին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեցներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմանը։
Մրցույթի հաղթողները ոչ միայն կստանան հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաև կստանան հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում: