Նախկին գյուղապետն անօրինական կնիք ունի, դեղատունն գյուղապետարան է դարձրել. եղեգնուտցիները Կառավարության մոտ էին (Լուսանկար)
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կառավարության դիմաց էին՝ պահանջելով նախկին գյուղապետին չվերադարձնել նույն պաշտոնին։
«Հեղափոխությունից հետո մենք ակցիա արեցինք ու նախկին գյուղապետն իր դիմումի համաձայն հրաժարական տվեց։ Նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը։ Հետո նախկին գյուղապետը պաշտոնին վերականգնվելու համար դիմեց դատարան, առաջին ատյանը դիմեց իր հայցադիմումը եւ ինքը դիմեց Վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ բավարարեց մասնակի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ մարզպետի որոշումը չեղյալ համարեց։ Նա դիմեց Վճռաբեկ դատարան ու հետ վերցրեց իր հայցը։ Ինքն այսօր ունի կնիք, մի հատ դեղատուն է վերցրել ու իր համար դարձրել գյուղապետարան ու ուզում է այդպես աշխատել։ Մենք չգիտենք՝ այդ լիազորություններն իրեն ով է տվել։ Մենք պահանջում ենք, որ նախկին գյուղապետը չպաշտոնավարի նույն պաշտոնին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանն էլ նշեց, որ նախկին գյուղապետը համայնքի բյուջեից դուրս է գրել 1 միլիոն դրամ, որը զոհված ազատամարտիկների շիրմաքարերի վերականգնման գումարն էր, եւ, ըստ Խուրշուդյանի՝ մի դրամ չի ծախսել այդ ուղղությամբ։
«Այդ պեչատը մարզպետի թույլտվությամբ է կատարվել, եթե մարզպետը թույլ չտար, նա չէր կարող հանել։ Նստած դեղատանը անօրինական կնիքով թղթեր է կնիքում բնակիչների համար։ Մենք մարզպետի հետ հանդիպել ենք վերջին անգամ հունիսի 22-ին եւ դրանից հետո չենք էլ ուզում հանդիպել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։