Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց երեկ բողոքի ակցիա էր իրականացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ՀՀ ազգային պլատֆորմը
Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց երեկ՝ սեպտեմբերի 10-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ՀՀ ազգային պլատֆորմը, մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 7-9-ը Բելառուսում ձերբակալված քաղհասարակության երեք ներկայացուցիչներին:
Մասնավորապես, ձերբակալվել են Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ՝ Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն եւ Ստանիսլավա Հուսակովան:
Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիայինմասնակցում են մասնավորապես, «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ հիմնադիրներ Տիգրան Եգորյանն ու նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը, «Անտարես» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը եւ այլն:
Նրանք այսօրվա բողոքի ակցիայով կոչ են անում անհապաղ դադարեցնել բելառուս իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության, երիտասարդների եւ այլախոհների հանդեպ բռնությունը եւ բռնաճնշումները, ինչպես նաեւ հորդորում է Բելառուսի իշխանություններին՝ կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
«Մեր պահանջն այն է, որ Բելառուսի իշխանությունն անհապաղ ազատ արձակի իրենց հավաքների ազատությունն իրացնող քաղաքացիներին եւ հատկապես քաղհասարակության ֆորումի անդամ մեր գործընկերներին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե այս փուլում լուռ ակցիա են իրականացնում եւ կախված Բելառուսի իշխանության գործողություններից՝ այլ քայլեր կձեռնարկեն:
Հարցին՝ պաշտոնական Երեւանից Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասով համարժեք արձագանք լինո՞ւմ է, քաղաքացին արձագանքեց՝ ոչ. «Կուզենայինք, որ ավելի ուշադիր հետեւեին»:
«Այստեղ քաղահասարակության ակտիվ կառույցների ներկայացուցիչներ են: Մենք բելառուս ժողովրդի կողքին ենք, եւ մեր հորդորն է իրենց՝ լինել կայուն, լինել ուժեղ եւ իմանալ, որ հայ ժողովուրդը եւ հատկապես քաղհասարակությունը իրենց ամեն կերպ սատարում են. նաեւ կախված է նրանից, թե իրենք ինչքանով ուժեղ եւ դիմացկուն կգտնվեն այս հարցում, որ իրենց սկսած հեղափոխությունը եւս ավարտին կարողանան հասցնել»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ 6 պետությունների ազգային պլատֆորմները այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին, որից հետո Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց, թե հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դրանից հետո Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից: