Դիմակներ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Մեկ ամսում 2-3 մլն հատ դիմակ կարտադրի
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում հարկային արտոնություն տրամադրեց «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին:
Մասնավորապես, ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Նշենք, որ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։
Ընկերությունը զբաղվում է բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ։
Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքը իրացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։
Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար:Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7․2 մլրդ դրամ, որից 2․4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազ․դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունը նախատեսում է այդ ընթացքում ներմուծել 242 530 712 դրամի ապրանքներ: