Հայ պաշտոնյաների «հարուստ» բառապաշարը, կամ ինչպե՞ս ոչխարը դարձավ «էլիտար» կենդանի
Չնայած այն ամենին, թե ինչպիսին են իրականում հայ պաշտոնյաները, այնուամենայնիվ կարողանում են ցույց տալ, թե քաղաքակիրթ են, կարող են կառավարել իրենց և բարեկիրթ են, բայց արի ու տես, որ երբեմն ափերից դուրս են գալիս…
Պաշտոնյաների «գլուխգործոցները» հիմնականում ուղղված են լինում լրագրողների դեմ, վերջերս էլ նաև ակտիվիստների:
Բայց հետաքիքիրն այն է, որ «ոչխար», «մի վնգստա», «գնա, ես քո…», «էշ», «աղջի» և նման արտահայտություններ անողները մանր-մունր պաշտոնյաներ չեն, այլ երկրի համար պատասխանատու մարդիկ: Բայց հայտնի է նաև, որ մարդիկ նյարդայնանում են այն ժամանակ, երբ ճշմարտությունը դառն է, իրենք էլ պատասխանից խուսափել չեն կարող կամ ճակատին փաստ են փակցնում:
Պաշտոնյաներն ու հայտնի գործիչները վերջերս ոչխարը դարձրել են էլիտար կենդանի՝ դարձնելով իրենց բառապաշարի անբաժան մասնիկը: Այդ բառն օգտագործվում է պետական շենքերում և այն, որ չենք լսում՝ ով գիտի ինչ ավտոմեքենաներում: Իսկ պաշտոնները, կոչումներն ու զբաղեցրած աթոռները հեչ էլ չեն համապատասխանում իրենց բառապաշարին, չէ՞ որ վերջինը հստակ ցույց է տալիս դիմացինիդ մակարդակը' ընդ որում բոլոր առումներով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանը սպանված զինվորի մորը բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ասել էր. «Էշ ա արա, այ ոչխար, խի՞ ես գոռում»։
Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վերջին պահին կանգ էր առել, բայց այնուամենայնիվ հասցրել էր լրագրողին ասել. «Գնա, ես քո…»:
Սառը դատելուց ու հայտնի արտահայտությունից որոշ ժամանակ անց Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ ինքը նկատի ուներ, թե` գնա, ես քո ներվերը չունեմ:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը կարմիր դիպլոմով հանդերձ լրագրողին ասել էր…«Մի վնգստա», բայց ի տարբերություն մնացած դեպքերի «Բոմժ» պատասխանն էլ ստացել էր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, թերթերից մեկի հրապարակման համաձայն, աշխատակազմի անդամներից մեկին ասել էր նույն այդ «փառապանծ» ու էլիտար «ոչխարը»:
Սրանք այն դեպքերն են, որոնք ասվել են դեմ հանդիման, սակայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հնարավորություններն այլ են, նա ինքն է զանգում իր որդու առողջությամբ հետաքրքրվող լրագրողի խմբագրություն ու կռիվ անում: Վերջում էլ լրագրողին անվանում աղջի. «Ավելորդ հարցեր ես տալիս, աղջի»:
Դե արի ու թացը չորից տարբերի, դե արի ու մի ասա, որ աշխատում են ու ոչխարը, էշը դարձնում «էլիտար» կենդանի... դե արի ու մի հիշի Լառոշֆուկոյին.
«Սահմանափակ մարդիկ, սովորաբար, դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները,ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին»:
Բեթղեհեմ Արաբյան