Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնությունից հետո մի քանի շաբաթ անց, փոխանցում է Fox News-ը։
Այս առաջարկով է հանդես եկել Նորվեգիայի խորհրդարանի անդամ Քրիսթիան Թիբրինգ-Գյեդեն, որը բարձր է գնահատում աշխարհում հակամարտությունների լուծման Թրամփի ջանքերը։
«Նրա վաստակի համար։ Կարծում եմ, որ նա ավելին է արել պետությունների միջեւ խաղաղության հասնելու փորձերում, քան խաղաղության մրցանակի հավակնորդների մեծ մասը»,- հայտարարել է նորվեգացի խորհրդարանականը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նոբելյան կոմիտեին հղած իր նամակում Թիբրինգ-Գյեդեն նշում է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դերակատարում ունի Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների ստեղծման գործում։
«Քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արեւելքի մյուս երկրները կհետեւեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է դառնալ այն շրջադարձային պահը, որի շնորհիվ Մերձավոր Արեւելքը կվերածվի համագործակցության եւ բարգավաճման տարածաշրջանի»,- շեշտվում է նորվեգացի խորհրդարանականի նամակում։