Ռուսաստանն արձագանքել է G7-ի երկրների դեմարշին Ալեքսեյ Նավալնու գործով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան G7 երկրների դեմարշին ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Ա. Նավալնու գործով G7-ի անդամ երկրների դեմարշի կապակցությամբ մենք հայտարարում ենք: Մենք գերմանական կողմից համառորեն փորձում ենք հասնել Ա. Նավալնու բժշկական զննման տվյալների տրամադրմանը, այդ թվում` կենսաքիմիական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության` 2020 թվականի օգոստոսի 27-ի իրավաբանական օգնության մասին պաշտոնական դիմումի համաձայն: Չնայած մեր բոլոր դիմումներին` Բեռլինում այդպես էլ հնարավոր չեն համարել արագ եւ կառուցողականորեն պատասխանել դրանց:
Վերոնշյալ տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս Ռուսաստանի իրավապահ մարմիններին օգտագործել բոլոր անհրաժեշտ ընթացակարգային մեխանիզմները` դեպքի հանգամանքները պարզելու համար: Միեւնույն ժամանակ, այս գործի շուրջ հիստերիայի ճնշումը միայն աճում է:
Նշում ենք, որ ռուս բժիշկները եւս առաջարկում են սերտ երկխոսություն հաստատել գերմանացի գործընկերների հետ` քննարկելու Ռուսաստանում եւ Գերմանիայում առկա տվյալներն Ա. Նավալնու վիճակի վերաբերյալ: Ցավոք, գերմանական կողմը խոչընդոտում է այս գործընթացին:
Զուգահեռաբար գերմանական իշխանությունների նման ոչ կառուցողական մոտեցման ֆոնին շարունակվում են անհիմն հարձակումները Ռուսաստանի դեմ: Սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավը հստակ վկայում է, որ դրա նախաձեռնողները հիմնական խնդիրը տեսնում են ոչ թե Ա.Նավալնու առողջության մասին հոգալու եւ նրա հոսպիտալացման իրական պատճառները պարզելու, այլ պատժամիջոցային տրամադրությունների մոբիլիզացման մեջ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: