Էկոնոմիկայի փոխնախարարը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման ընթացքին. Խաղողագործները մտահոգություններ ունեն (Լուսանկար)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Արարատի մարզ՝ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետեւելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխնախարարին ուղեկցել էն ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ եւ Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետեւել է մթերումների գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում հատկապես կարեւորվել է գյուղացիներից մթերվող խաղողի ընդունման, կշռման եւ որակի վերահսկման արդյունավետ կազմակերպումը։
Գործարանի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանում» այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել:
Այնուհետեւ Արման Խոջոյանն այցելել է Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղ, որտեղ մթերման շրջանի ընթացքում կանխատեսվում է մթերել շուրջ 3,5-4 տոննա խաղող։ Այստեղ դեռեւս ոչ մի բողոք չի եղել կապված խաղողի կշռման կամ շաքարայնության չափման հետ։
Նախարարության աշխատակիցները տեղում զրուցել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։
Այցելելության հաջորդ կետում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում, նույնպես մթերման աշխատանքներն իրենց բնականոն ընթացքի մեջ են։
Ամփոփելով այցի արդյունքները՝ Արման Խոջոյանը նշել է, որ ստուգայցերը վերամշակող կազմակերպություններ շարունակական են լինելու, ավելի ակտիվ շրջանում մթերման կետերին կցվելու են մասնագետներ, որոնք մթերման շրջանում յուրաքանչյուր օր կվերահսկեն խաղողի գնումների գործընթացը․ «Մթերման կետեր մեր ստուգայցերի միջոցով նպատակ ունենք տեղում ծանոթանալ խաղողի մթերման գործընթացին եւ հավաստիանալ՝ արդյո՞ք կատարվել է կշեռքների ստուգաչափում, նաեւ իրականացնել փաստաթղթերի նկատմամբ վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա ոչ տեխնոլոգիական փուլը դարձնել վերահսկելի», - նշել է փոխնախարարը։