Ռոման Բերեզովսկի. Հրաշալի թիմային խաղ ցուցադրեցինք առանց մեր առաջատարի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրում Էստոնիայի հավաքականի նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:
«Մեր թիմի առաջատարը չէր մասնակցում այս խաղին, բայց մենք շատ կազմակերպված ու թիմային խաղ ցուցադրեցինք: Լավ խաղով հաջողվեց գոլեր խփել և արդյունքը սպասել չտվեց: Ցանկանում եմ ընդգծել, որ հրաշալի թիմային խաղ էր: Կազմավորվում է նոր թիմ, և մենք առաջ շարժվելու մեծ հույսեր ունենք»,- նշեց Ռոման Բերեզովսկին:
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչը գնահատեց նաև թիմի նորեկ Դավիդ Յուրչենկոյի խաղը: Ղազախական «Շախտյորի» 34-ամյա դարպասապահը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ նախորդ խաղում 11 մետրանոցից 2 գոլ բաց թողնելուց հետո առաջին «չոր» հանդիպումն անցկացրեց ազգային թիմում:
«Խաղադաշտի որակը բարդացնում էր ֆուտբոլիստների գործը: Ամեն դեպքում, զգացվեց, որ ունենք շատ բարձր մակարդակի դարպասապահ: Հուսով եմ, որ նա մեզ շատ կօգնի հաջորդ խաղերում»:
Հարցին, թե արդյոք Դավիդ Յուրչենկոյին արդեն կարելի է համարել Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը, թե այդ դիրքում դեռ մրցակցություն է սպասվում, Բերեզովսկին նշեց հետևյալը.
«Պարզ է, որ մենք պետք է օգտագործենք Դավիդ Յուրչենկոյի մեծ փորձը, բայց կան նաև Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը և այլ հայ դարպասապահներ, որոնք կարող են մրցակցության մեջ մտնել և պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար»:
Էստոնացիների դեմ խաղում Խոակին Կապառոսն առաջին հաղթանակը տարավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Ռոման Բերեզովսկու խոսքով՝ իսպանացի անվանի մասնագետը արդյունավետ աշխատանք է կատարել կարճ ժամանակահատվածում:
«Տեսնում եմ, թե որքան պրոֆեսիոնալ կերպով է մարզիչը մոտենում իր աշխատանքին: Մարզումների ընթացքում նա խաղացողներին ավելի շատ է բացատրում, թե ինչ պետք է անել խաղադաշտում: Նա հնարավորինս ամեն բան անում է, որ ֆուտբոլիստներն իրար ավելի լավ հասկանան խաղադաշտում: Այս կարճ ժամանակահատվածում մարզիչն ամեն ինչ արեց, որ մենք քայլ առաջ կատարենք և կարողանանք այսպիսի թիմային խաղ ցուցադրենք»,- նշեց լեգենդար դարպասապահը:
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Ռոման Բերեզովսկին աշխատում է միայն Հայաստանի հավաքականում: 46-ամյա մասնագետի խոսքով՝ այս պահին նա չի մտածում ակումբային աշխատանքի վերադառնալու մասին և ցանկանում է կենտրոնանալ միայն Հայաստանի հավաքականի վրա:
«Ճիշտն ասած, կցանկանայի ունենալ մեկ աշխատանք, և դա լինի ազգային հավաքականը: Ակումբային աշխատանքի վերադառնալու մտադրություն այս պահին չունեմ»,- խոսքը եզրափակեց Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրից հետո Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ էստոնացիները միավոր չեն վաստակել:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին: