Հանձնարարել են կազմել «հակահեղափոխական» հայացքներ ունեցոցող ուսուցիչների ցուցակները. Հետևում են նաև ֆեյսբուքին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։
Բանն այն է, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անընդհատ թիրախավորում էին հանրակրթական դպրոցների քաղաքականացումը՝ դա իրավացիորեն համարելով անթույլատրելի երեւույթ:
Սակայն տեղերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այսօր գործ ունենք ճիշտ այն երեւույթի հետ, ինչը ժամանակին քննադատում էր Փաշինյանը։ Մեր տեղեկությունների համաձայն, իշխանության վերին օղակներից մարզպետներին հանձնարարել են մանրակրկիտ ու հանգամանալից ուսումնասիրություն իրականացնել եւ ձեռքի տակ ունենալ այն ուսուցիչների ցուցակները, որոնք այս կամ այն չափով կապված են եղել «նախկինների» հետ, ավելին՝ ներկայումս էլ ունեն «հակահեղափոխական» հայացքներ։
Հատուկ հանձնարարվել է հստակ հետեւել անգամ տվյալ ուսուցիչների ֆեյսբուքյան ակտիվությանը, թե ինչ «լայքեր» ու «շեյրեր» են կատարում նրանք սոցցանցի իրենց օգտահաշիվներում, եւ, ըստ այդմ, ստեղծել մեկ համապարփակ, ամբողջական պատկեր ու տեղեկատվական բազա։
Առաջիկայում աստիճանաբար այդ «անցանկալի» ուսուցիչները կա՛մ տարբեր պատճառաբանություններով քիչ դասաժամեր կստանան, կա՛մ ուղղակի «ժամաքանակի քչության» պատճառով դուրս կմնան դպրոցից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: