Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը վճարել են պարտքը՝ իրենց նստավայրի վերանորոգման համար
Արքայազն Հարին, ով ապրիլին դադարել է լինել բրիտանական միապետության պաշտոնական ներկայացուցիչը, 2,4 մլն ֆունտ է վճարել, որոնք ծախսվել են Մեծ Բրիտանիայի Վինձորի Ֆրոգմոր-քոթեջի վերանորոգման համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով արքայազնի ներկայացուցչին։
Վերանորոգումն արժեցել է 2,4 մլն ֆունտ, որոնք ծախսվել են այսպես կոչված թագավորական դրամաշնորհից՝ այն միջոցներից, որոնք Մեծ Բրիտանիայի կառավարությունը հատկացնում է թագավորական ընտանիքը պահելու համար: Հարին եւ Մեգանը սեփական գրպանից վճարել են նոր ջրատար խողովակների եւ ամբարձիչների տեղադրման համար:
«Սասեքսների դրամաշնորհն ամբողջությամբ հոգացել է Ֆրոգմոր հաուսի վերանորոգման ծախսերը։ Դա արքայազն Հարիի առաջարկած վճարն էր այն նպատակով, որ Նորին Մեծության սեփականության ներքո գտնվող քոթեջը հետագայում էլ մնա նրանց ընտանիքի նստավայրը Մեծ Բրիտանիայում», - նշել է աղբյուրը։
Այն բանից հետո, երբ Մեգանը եւ Հարին վայր են դրել իրենց թագավորական պարտականությունները, քոթեջը մնացել է իրենց, բայց նրանք խոստացել են իրենց գրպանից վճարել վերանորոգման գումարը։
Մի քանի օր առաջ զույգը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել Netflix ստուդիայի հետ եւ մասնակցելու է մի շարք ծրագրերի աշխատանքին: Պոտենցիալ նախագծերի թվում են վավերագրական սերիալը, լիամետրաժ ֆիլմը, մանկական ծրագրերը եւ հեռուստասերիալները: Մեգանը եւ Հարին չեն բացառել իրենց հայտնվելը էկրանին: