Ավագանու նոր որոշումը. Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշում կայացրեց Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Երեւանի հ.154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ»-ը հանձնել վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ մանկապարտեզը Երեւան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ հանձնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը եւ լիազորություններ են պատվիրակվել այդ կապակցությամբ:
Սակայն Երեւան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ի «Երեւան քաղաքի ավագանու 2011թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ որոշման հավելվածի 204-րդ կետը, ինչի արդյունքում «Երեւանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը վերադարձվել է Երեւանի ենթակայությանը:
Հետեւաբար` վերոնշյալ որոշման ընդունման արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն որեւէ իրավասություն չունի կոորդինացնելու, վերահսկելու այդ՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախող, համայնքի բնակիչ երեխաների ծնողների անմիջական շփումը տեղի է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ եւ նրան են դիմում մանկապարտեզին վերաբերող գրեթե բոլոր հարցերով:
Ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից, «Երեւանի հ.154 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության աշխատանքներն առավել արդյունավետ եւ արագ կազմակերպելու համար, նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ հայտնի պատճառներով է, որ մանկապարտեզը երթակա է եղել ուղիղ քաղաքապետարանին, որոնց հիմա չէր ցանկանա անդրադառնալ: