Կումանը կողմնորոշվել է, թե որ դիրքում է խաղացնելու Մեսիին
Հայտնի է դարձել, թե կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ինչպես է պատրաստվում օգտագործել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
El Mundo Deportivo-ի համաձայն՝ հոլանդացի մասնագետը մտադիր է ընտրել 4-2-3-1 խաղային սխեման, որտեղ 33-ամյա Մեսին տեղ կգտնի ձախ վինգերի դիրքում: Կումանը ցանկանում է, որ Մեսին կենտրոնանա հարձակման վրա և չնահանջի գնդակ ստանալու համար: Մարզիչը նաև մտադիր է արգենտինացուն ազատել մեծ քանակությամբ պաշտպանողական գործողություններ կատարելուց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Մեսին վերադարձել էր «Բարսելոնա» և առաջին մարզումն անցկացրել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նա ծրագրել էր հեռանալ ակումբից այս ամռանը, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ մնում է: Ավելի վաղ նշվում էր, որ Կումանը կարող է հարձակվողին զրկել թիմի ավագի թևկապից: