Հայաստանը վավերացնում է Ֆինանսական ոլորտում գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը
Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի կառավարությունները, ինչպես նաեւ այդ երկրների կենտրոնական (ազգային) բանկերը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Համաձայնագիր էին ստորագրել ֆինանսական հատվածներում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին` կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար: Այս մասին սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրին միանալու մասին արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը:
Համաձայնագրի նպատակը, նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկայի կարգավորիչների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացի համակարգումն ու ընդլայնումն է: «Համաձայնագիրը սահմանում է տեղեկատվության քանակն ու տեսակը, որոնք կհրապարակվեն վերահսկիչ մարմինների կայքերում: Կհրապարակվի նաեւ հայցող անդամ պետության վերահսկող մարմնին տրամադրվող տեղեկատվության քանակը` որոշակի պայմաններին հետեւելու դեպքում: Մասնավորապես, լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են տեղեկություններ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին»,- ասաց Աբրահամյանը: