«Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց, այն կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով
Երեւանի ավագանու նիստում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց Երեւանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ը լուծարման ավագանու որոշումը:
Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ը հիմնադրվել է 2009 թվականին եւ 2011 թվականի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Նրա հավաստմամբ՝ ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային եւ նախահաշվային աշխատանքների կատարմամբ:
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ ընկերության աշխատավարձային ֆոնդը քիչ է նախատեսված եղել եւ որեւէ որակյալ ճարտարապետ չէր համաձայնի աշխատել այդ աշխատավարձով, որը հարկերը ներառյալ 130 հազար դրամ է կազմում, մինչդեռ ճարտարապետի առկայությունը պարտադիր է եղել ընկերությունում։
«Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով 1.5-2 տոկոս, ընդամենը 2019 թվականին է ընկերությունն իր շահույթը բարձրացրել 20 տոկոս: Ընդհանուր բաժնետիրականության մասին օրենքով, երբ բաժնետիրական ընկերությունը երկու կամ ավել տարիներ իր կանոնադրական կապիտալի նկատմամբ բացասական ցուցանիշներ է ցույց տվել՝ օրենքի ուժով պարտավոր է գնալ լուծարման»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության Երեւանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվել ընկերության գործունեության շուրջ աշխատանքները, Արամ Դանիելյանը պատասխանեց, որ ընկերության ցուցանիշները վերլուծելուց հետո որոշակի նամակագրություն են ունեցել տարբեր վարչությունների հետ եւ եկել են այն եզրահանգման, որ ընկերությունը պետք է լուծարվի:
Նա նշեց, որ ընկերությունը մասնավորին վաճառելու մտադրություն է եղել, սակայն ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ՝ քրեական գործ է հարուցվել տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ:
«Ընկերությունը հունվարից 2 աշխատակից ուներ՝ տնօրեն եւ հաշվապահ եւ նրանց աշխատավարձերը, հարկային պարտավորությունները եւ դրանք չկատարելու պատճառով առաջացող տոկոսները բեռ են Երեւան համայնքի վրա եւ նպատակահարմար է լուծարել եւ օր առաջ գործունեությունը դադարեցնել»,- ընդգծեց Արամ Դանիելյանը՝ հավաստիացնելով, որ ընկերության աշխատողներին տեղավորել են այլ աշխատավայր:
Որոշումը միաձայն ընդունվեց: