Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել արտասահման փախած ընդդիմադիրների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առանձին քրեական գործ է հարուցել Օրդուխան Բաբիրովի, Գուրբան Մամեդովի, Օրխան Աղաեւի, Ռաֆայել Պիրիեւի, Թուրալ Սադիգլիի եւ Սուլեյման Սուլեյմանլիի նկատմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձինք նախնական դավադրության մեջ էին նախկինում ձերբակալված Էլվին Իսաեւի հետ եւ իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի բռնի փոփոխման, իշխանությունների ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու եւ անկարգությունների բացահայտ կոչեր էին անում: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «զանգվածային անկարգությունների եւ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր» եւ «պետության դեմ բացահայտ կոչեր» հոդվածներով: Այս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրանց նկատմամբ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել: